28/04/2023 14:29
28-ամյա երիտասարդը սեռական բռնության է ենթարկել 55-ամյա կնոջը, նրանից հափշտակել զարդեր՝ ասելով, որ ադրբեջանցի է
Այսօր՝ ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին, գրում է shamshyan-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։
Նշված հասցե են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա․ Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս․ Բադիրյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ․ Ազատյանը։ Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանի, 1 զույգ ոսկյա ականջօղ, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի, քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետները։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում, տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։
Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։ Արտյոմ Ղ․-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։