28/04/2023 16:14
Վաղը «Քաղաքացու օր»-ն է. 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ 2019 թվականից ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քաղաքացու օրը քաղաքացիական երկխոսության օր է, երբ տարբեր սերունդներ միատեղվում են՝ հանրությանը հուզող հարցերը քննարկելու, քաղաքացիների և պետության անելիքները վերհանելու և կանխորոշելու համար։
Այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։
Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն և մշակութային միջոցառում:
Բանախոսություններին կմասնակցեն 14-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան ոչ միայն լսել հրավիրված բանախոսին քաղաքացու ակտիվ դիրքորոշման, պետության զարգացման տեսլականի և երկրի զարգացման հարցում սեփական դերակատարումը գիտակցելու թեմաներով, այլ նաև ծավալել հետաքրքիր քննարկումներ:
Հրավիրված բանախոսները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ են:
Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 12:00-ին, իսկ մշակութային միջոցառումները՝ ժամը 13:30-ին:
Մարզերում բանախոսությունները նախատեսված են ժամը 11:00-ին և 15:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումները: