28/04/2023 15:05
Ֆրանսիայի արտգործնախարարը կարծում է, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Քիշնևում
Անհրաժեշտ է ընդլայնել, սնուցել բանակցությունների գործընթացը, որում համարձակորեն ներգրավվել է Հայաստանը, Երևանում այսօր հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան:
«Կա հստակ դիրքորոշում, որը նաև Միջազգային Արդարադատության դատարանի որոշումն է, բայց կան նաև բանակցություններ, որոնց մեջ ներքաշված են Հայաստանը և Ադրբեջանը։ Մենք դեռ չենք խոսել նոր՝ երկկողմ, եռակողմ, գուցե նաև շատ անդամներով հանդիպումների մասին, բայց կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և փորձել որոշակի համաձայնության կետեր գտնել՝ առաջիկա հանդիպումների ժամանակ։
Գուցե Քիշնևում հանդիպման ժամանակ մենք կարող ենք բարձր մակարդակի երկխոսություն ունենալ, ինչպես հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցանք։ Գործընթացն ընթացքի մեջ է, և այս պահին միջազգային հանրությունը կարող է ասել՝ որոնք են սկզբունքները, որն է իրավունքը, բայց նաև աջակցել ամենահասուն գործընթացին, որը գոյություն ունի այս պահին», - ասաց Կատրին Կոլոնան՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքից։