29/04/2023 16:35
«Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ կենսագրությամբ ցույց է տաիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքացին»․ Զոհված զինծառայողների ծնողները «Սպանված քաղաքացու օրը» խորագրով երթ են անցկացնում
Հայաստանի գործող իշխանությունների հռչակած «Քաղաքացու օրը»՝ ապրիլի 29-ը, զոհված զինծառայողների ծնողներն ու մի խումբ հասարակական- քաղաքական գործիչներ հիշատակում են որպես «Սպանված քաղաքացու օր»։ Հենց այս խորագրով հիշատակի երթը մեկնարկեց ԱԺ շենքի մոտից։
Երթից առաջ դրա մասնակիցները լրագրողների հետ զրույցում ընդգծեցին՝ այսօր ոչ թե ինքնահռչակ տոն է, այլ գործող ռեժիմի բոլոր զոհերի հիշատակի օրը․ զոհեր, որոնք գրանցվեցին 44-օրյա պատերազում, դրանից հետո՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ, քովիդի համաճարակի ժամանակ, Ազատի զինվորական կացարանում հրդեհի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի կողմից հայտնի վթարի ժամանակ և այլն։
«Այս 5 տարիներն անվերջ անկման տարիներ էին, դրանք միայն այդպես կարելի է բնութագրել»,- լրագրողների հետ զրույցում ասաց երթին միացած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այն մարդը, որն իրեն, իր կարծիքով և իր կողմնակիցների կարծիքով՝ «լավագույն քաղաքացուն» է մարմնավորում, Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, իր ամբողջ կենսագրությամբ ցույց է տաիս, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքացին։
Նա մարդ է, որը հայտնի էր որպես փողով հոդված գրող, մարդ, որը հայտնի էր որպես բանսարկու, նա քաղաքական պատճառներով ամենավերջին սրբությունների վրայով անցնող մարդ է ․․․ 1999 թվականից սկսած՝ եթե ոչ ամենօրյա, ապա ամենշաբաթյա ռեժիմով Վազգեն Սարգսյանին էր սևացնում իր օրաթերթի էջերում, այսօր Վազգեն Սարգսյանը նրա «հերոսն» է։
«Շատ լավ օրինակ է» Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե քաղաքացու, այլ հակաքաղաքացու»,- իշխանությունների հռչակած տոնի «տոնի» խորհրդի և նրանց ստեղծած իրականության միջև առկա հակասությունը ներկայացրեց Ռուբեն Մելիքյանը։