29/04/2023 14:12
Ինչների՞ս է պետք խեղճ ղեկավարը. սա բարեգործական ակումբ չէ՝ պետություն է. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Այս իշխանությունն օր առաջ պետք է հեռացվի։ Խոսույթը, թե էս խեղճն ի՞նչ անի՝ ընդունելի չէ։ Ինչների՞ս է պետք խեղճ ղեկավարը. սա բարեգործական ակումբ չէ՝ պետություն է։ Խեղճ է, թող մնա տանը, ոչ թե պետության համար ճակատագրական որոշումներ կայացնի։ Կոչ եմ անում մեր հանրությանը հրաժարվել խեղճից, պետության ղեկավարները խեղճ չեն լինում, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանը։
«Ես վստահաբար ասում եմ՝ իշխանություն ստանձնած խմբակն ու իր լիդերը ապիկար չեն, գիտակցված, նպատակադրված քայքայում են պետությունը։ Մարդիկ, որ այնուամենայնիվ հակված են երկրի ղեկավարին խեղճ համարելու, լավ, եթե անգամ այդպես է, հաճելի՞ է խեղճ ղեկավար ունենալը։ Վեց տարի իշխանության լինելուց հետո, եթե դեռ կան մարդիկ, որ բոլոր ողբերգություններով հանդերձ ասում են՝ ապիկար են, ժամանակ տանք աշխատելու, ուրեմն անձնական շահեր ունեն»։
Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ գործող վարչապետը համեմատելի չէ նախկին ղեկավարների հետ. նրանք պատերազմ հաղթած առաջնորդներ էին, այս մեկը՝ պետությունը կապիտուլյացիայի հասցրած։ Եթե բալային համակարգով գնահատենք նախկինների կառավարումը, այո՛, գուցե և շատ բարձր գնահատականի չարժանանան, բայց գործող խմբակն իր գործունեությամբ ընդհանրապես մինուս անվերջություն է վաստակել։
«Մենք տասը միլիոնով դառնանք խե՞ղճ, զոհաբերվե՞նք, համակերպվենք մտքին, թե ապիկար են, մինչև իրենց՝ պետությունը կործանելու ծրագիրն ավարտին հասցնե՞ն, սա՞ է մեր ազգի երազանքը, ցանկությունը։ Եթե պետականությունը կորցնենք, անկախ նրանից՝ որս ինչ չափով ենք հաջողակ, ամբողջ կյանքում դժբախտ և ձախողակ ենք համարվելու։ Կա՛մ պետք է պայքարենք, կա՛մ պարտությունը հաստատ կա. ես ընտրում եմ պայքարի տարբերակը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։