29/04/2023 16:45
Մինչև ադբեջանաթուրքական հեղափոխությունը մեր օրացույցում այսպիսի հիմարություն չկար, կային իսկական տոներ՝ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը՝ հաղթանակի խորհրդով․ Էդգար Ղազարյան
Հայաստանի գործող իշխանությունների հռչակած «Քաղաքացու օրը»՝ ապրիլի 29-ը, զոհված զինծառայողների ծնողներն ու մի խումբ հասարակական- քաղաքական գործիչներ հիշատակում են որպես «Սպանված քաղաքացու օր»։ Հենց այս խորագրով երթը մեկնարկեց ԱԺ շենքի մոտից։
Երթից առաջ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իշխանությունների հռչակած «տոնը» Հայաստանի քաղաքացիների կողմից որպես տոն բնավ չի ընդունվում և չի ընկալվում։
«Ես չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ որևէ մի քաղաքացի կա, որի մոտ այսօր տոնի զգացողություն լինի, չեմ պատկերացնում մի հոգու, որ այսօր տոնական տրամադրություն ունենա։ Բայց մինչև ադբեջանաթուրքական հեղափոխությունը մեր տոնացույցում այսպիսի հիմարություն գոյություն չուներ, դրա փոխարեն կային իրական տոներ՝ կար մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, որը նշվում էր նաև որպես Երկրապահի օր։ Ցավոք, դա եկավ, համընկավ Նիկոլ Փաշինյանի՝ առաջին անգամ վարչապետ ընտրվելու ողբերգական օրվա հետ։ Կար մայիսի 9-ը, մայիսի 28-ը, հուլիսի 5-ը, սեպտեմբերի 21-ը․․․
Պետությունն իր քաղաքացիների հետ իրապես տոն էր նշում՝ հաղթանակի խորհրդով, միասնության խորհրդով, իսկ հիմա այսօր՝ այստեղ, մենք հիշատակում ենք այն քաղաքացիներին, որոնք զոհ են գնացել՝ այս հանցավոր իշխանությունների գործողությունների հետևանքով»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։