29/04/2023 13:58
Բայրամովն ու Միրզոյանը Վաշինգտոնում «կարգավորման ճանապարհային քարտեզ կմշակեն»․ «Թուրան»
Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ փորձելու հասնել տարաձայնությունների հաղթահարմանը և խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը, հայտնել է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, գրում է Ազատություն ռադիոկայանը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը կարող է տևել «մի քանի օր»։
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ եթե Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում հաջողվի խաղաղության «ճանապարհային քարտեզ» մշակել, ապա «գործը կավարտի» Եվրոպան՝ ընդունելով Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, որպեսզի «մի քանի շաբաթվա ընթացքում» կնքվի խաղաղության պայմանագիրը», - գրում «Թուրան» գործակալության թղթակիցը։
Սպասվող բանակցությունների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։