29/04/2023 19:25
«Անհրաժեշտ է իրականացնել վրեժխնդրության ակտեր՝ անկախ առանցքային դերակատարների գտնվելու վայրից և անկախ վաղեմության ժամկետից»․ Մեդվեդև
ՌԴ Ախ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «Կիևի ռեժիմն» անհրաժեշտ է ամբողջութամբ ոչնչացնել, իսկ դրա առանցքային դերակատարների նկատմամբ վրեժխնդրության ակտեր իրականացնել։ Այսպես է նա արձագանքել «Ղրիմը վերադարձնելու» մտադրության և պատերազմը տասնամյակներով ձգվելու հավանականության մասին Կիևից հնչած հայտարարություններին, որոնք Մեդվեդևն անվանել է «վայրահաչոց», «թմրանյութերից մթագնած գիտակցության արգասիք», «անվստահությունը մատնող զառանցանք», «պարանոյա»։
Մեդվեդևը նաև նշել է, թե ինչ պատասխան պետք է հաջորդի Ուկրաինայից հնչած այս մտադրություններին։
«Նացիստական ռեժիմի կողմից գործի դրված անձնակազմի և ռազմատեխնիկայի զանգվածային ոչնչացում՝ Ուկրաինայի ԶՈԻ-ին առավելագույն ռազմական կորուստ պատճառելով, թշնամու լիակատար պարտություն և Կիևում նացիստական ռեժիմի վերջնական տապալում՝ ամբողջ Ուկրաինայի տարածքի լիակատար ապառազմականացմամբ, նացիստական ռեժիմի առանցքային դեմքերի նկատմամբ վրեժխնդրության ակտերի իրականացում՝ անկախ նրանց գտնվելու վայրից և անկախ վաղեմության ժամկետից, այլապես նրանք չեն հանգստանա, իսկ թմրանյութերի ազդեցության տակ հնչող զառանցանքները կարող են վերածվել իրականության, և պատերազմը կարող է երկարաձգվել։ Մեր երկրին դա պետք չէ»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։