29/04/2023 15:32
10 միլիոն հայ պետք է 120.000 հայի թիկունքին կանգնի, հակառակ դեպքում՝ մենք ազգ չենք՝ ամբոխ ենք. Արսեն Ջուլֆալակյան (Տեսանյութ)
Իմ ամենօրյա մտահոգությունն է՝ ինչպես կարող եմ հանգիստ ապրել, զբաղվել միայն ընտանիքիս հոգսերով, երբ մեր 120․000 հայրենակիցներ Արցախում շրջափակված են, ապրում են զրկանքներով, անորոշության մեջ։ Մենք չենք գիտակցում, որ 21-րդ դարում ամենածանր գործընթացները կարող են տեղի ունենալ, այն դեպքում, որ մենք պետականություն ունենք։ Իշխանության ներկայացուցիչները վախենում են միջազգային ատյաններում Արցախի Հանրապետություն բառակապակցությունն օգտագործել, այդքանից հետո իրենք իրենց համարում են անկախ պետության քաղաքական գործի՞չ, իշխանությու՞ն։ Հնարավոր չէ այս իրողություններին հաշտ ապրել, ցավոք, բավարար լծակներ չունենք գործընթացների վրա ազդելու, - Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանը։
Արսեն Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ զանգ կախելու ժամանական է, ճառեր էլ պետք չեն. ժամանակն ի վնաս մեզ է աշխատում։ Նոյեմբերի 9-ից հետո համարում էինք, որ ծայրահեղ վատ վիճակում ենք, այսօր, փաստորեն, վատթար վիճակում ենք։
«Եթե մենք մեզ ազգ ենք համարում, 10 միլիոնը պետք է 120․000-ի թիկունքին կանգնի։ Եթե այդպես չենք անում, ապացուցում ենք, որ հեռու ենք ազգ լինելուց՝ ամբոխ ենք։ Եթե ընտանիքի անդամին մեկը ծեծի, ընտանիքի մյուս անդամներն ուրա՞խ լինեն, հանգի՞ստ լինեն՝ մեկնաբանությամբ, թե լավ է, որ այդ մեկով պրծանք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։