29/04/2023 09:52
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրականություն չեն դառնում. նրանք ստում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են». սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից մեկ ամիս անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, և այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։
«Դրանք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի անխափան տեղաշարժը։ Այս ռեժիմն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վաղուց ամրագրված են»,- ասել էր Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Այսինքն՝ ստացվում է՝ հերթական անգամ ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրականություն չեն դառնում. նրանք ստում են»։