29/04/2023 09:36
«Ժողովուրդ». ՀՀ ՄԻՊ-ն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռևս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաև Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Արցախում մարդու իրավունքների խախտումերի վերաբերյալ բազմաթիվ աղաղակող դեպքեր են արձանագրվել. արցախցիները թշնամու կողմից թե՛ հոգեբանական թե՛ ֆիզիկական ճնշումների են ենթարկվում մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմ՝ հասկանալու՝ շրջափակումից ի վեր այցելել են արդյոք Արցախ կամ դիմել են Կարմիր խաչին այցը կազմակերպելու համար: ՄԻՊ աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ շրջափակումից հետո Պաշտպանի աշխատակազմից այս ընթացքում չեն այցելել Արցախ, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները:
ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվել էինք նաև, թե երբ է արդյոք պատրաստվում նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել Արցախ։ Մեզ աշխատակազմից տեղեկացրին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պաշտպանը կմեկնի Արցախ՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին ծանոթանալու և այդ բնագավառում առկա խնդիրներն արձանագրելու նպատակով: «Այցի հնարավորության հետ կապված հարցերն այժմ գտնվում են քննարկման փուլում»,-ասվում է Պաշտպանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում:
Այսպիսով, պատասխանից պարզ է դառնում, որ Անահիտ Մանասյանը համենայնդեպս առաջիկայում այց չի նախատեսում Արցախ շրջափակմամբ պայմանավորված խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ-ի առջև փակ դռներ չկային. վերջինս ցանկացած միջոց գտնում էր, որպեսզի այցելի ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, տեղում արձանագրում էր, թե դրա հետևանքով քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվել»։