29/04/2023 09:40
«Փաստ». Այն, որ Փաշինյանի ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը՝ դա հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»
«Փաստ» թերթը գրում է. «Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:
Փաշինյանի հրահանգով Երևանի կենտրոնական հրապարակներն ու պողոտաները վերածվեցին ճենճահոտ քյաբաբանոցների, մանղալները դրեցին Մաշտոցի պողոտայի կենտրոնում ու խորովածային հրավառություն սարքեցին: Դա խրախճանք էր՝ ժանտախտին ընդառաջ: Ու ժանտախտը, ցավոք, չհապաղեց: Արյուն, ավեր, աղետ, կորուստ ու զրկանքներ բերած ու բերող Փաշինյանի իշխանությունը այս տարի որոշել է «քաղաքակիրթ» նշել, այսպես կոչված, «քաղաքացու օրը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական լրատվություն-գովազդի, «քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 29-ին, այն է՝ այսօր: Ամենից բնութագրականն այն է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 (ինչ թիվ է, չէ՞) համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ: ԿԳՄՍ-ից ասել են, որ միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ ու մշակութային միջոցառումներ:
Թե ովքեր են բանախոսելու, դժվար է ասել: Երևի կլինեն իշխանական «սազանդարներ», ինչ-որ մտավորականներ, քպական կարկառուններ: Կարելի է չկասկածել, որ «բանախոսությունների» հիմնական ասելիքը լինելու է թուրքերի հետ եղբայրանալը, հայ լինելը մոռանալը, Հայաստանն ու սեփական ազգությունն ուրանալը, սեփական պատմությունն ու մշակույթը մերժելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «գաղափարաքաղաքական» մոտեցումներին համահունչ: Ինչ վերաբերում է, այսպես ասած, բանախոսիչներին, եթե նրանց շարքերում լինեն ինչ-որ մտավորականներ, ապա հազիվ թե իրական մտավորականներ լինեն: Իսկ ովքեր էլ մասնակցեն՝ կատարելով իրենց ընտրությունը մի կողմից՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, ազգային ու մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև, հիմնականում հենց իշխանապաշտությամբ աչքի ընկածներն են լինելու:
Հա, ի դեպ. Նիկոլ Փաշինյանը գոնե երեկվա դրությամբ ամեն ինչ անում էր, որ նրա՝ «քաղաքացու օրը» երբ ու որտեղ մասնակցելը գաղտնի պահվի, դրա համար էլ վերջին օրերին «ձեռքի հետ» գյուղեգյուղ է գնում. մի տեղ էլ հանկարծ այսօր կհայտնվի: Սարսափի աչքերը մեծ են լինում... Բայց դե, այդ ամենը՝ հեչ, այն, որ նրա ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը, դա էլ՝ հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»»։