30/04/2023 14:13
Թուրքիան առ այս պահը չի պարզաբանել՝ ինչու է առանց նախազգուշացման փակել իր օդային տարածքը հայկական ավիաընկերության ինքնաթիռների համար
Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առ այս պահը չեն պարզաբանել, թե ինչու են հայկական Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար առանց նախազգուշացման փակել իրենց օդային տարածքը՝ այն դեպքում, երբ նշված ավիաընկերությանը տվել էին դեպի Եվրոպա Թուրքիայի օդային տարածքով չվերթներ իրականացնելու թույլտվություն։
Արամ Անանյանը «Փաստինֆո»-ին ասել է, որ տեղեկություն չունի, թե ինչու են Թուրքիայի ավիացիոն իշխանությունները փակել իրենց երկրի օդային տարածքը Flyone Armenia ավիաընկերության օդանավերի համար։
Հիշեցնենք՝ երեկ Փարիզից Երևան ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնևում, ապա ուշ գիշերը միայն ժամանել Երևան։ Պատճառն, ինչպես արդեն նշվեց, այն է, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները, առանց նախապես տեղեկացնելու, Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար, չեղարկել էին։