01/05/2023 09:17
Արցախի ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրել է.
«2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր: Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու:
Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:
Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»: