01/05/2023 19:27
Իրանի դիվանագիտական երեք ներկայացուցչություններ վերսկսել են աշխատանքը Սաուդյան Արաբիայում
Իրանի դիվանագիտական երեք ներկայացուցչություններ վերսկսել են աշխատանքը Սաուդյան Արաբիայում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանական երեք դիվանագիտական ներկայացուցչություններ Էր-Ռիադում և Ջիդայում սկսել են աշխատանքը»,- Քանանիի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի հստակեցրել դիվանագիտական ներկայացուցչությունների ձևաչափը, սակայն ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ «առաջիկա օրերին Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանատներն ու հյուպատոսությունները կվերսկսեն աշխատանքը»։
Նշենք, որ Թեհրանը և Էր-Ռիադը մարտի 10-ին Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում են պայմանավորվել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը՝ երկամսյա ժամկետում։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Անսար Ալլահի (հութիների) դեմ ռազմական գործողության մեկնարկից հետո։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում հյուպատոսությունը հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից, որոնք վրդովված էին Էր- Ռիադում շիա հոգևորական Շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժից, ապա Սաուդյան Արաբիայի թագավորությունը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ: