01/05/2023 20:25
Լեհաստանի և Բելառուսի սահմանին արգելապատնեշի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են
Լեհաստանի և Բելառուսի սահմանին արգելապատնեշի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, այս պահի դրությամբ պաշտպանիչ պատի երկարությունը 206 կմ է կազմում, մնացել է կառուցել ընդամենը 150 մետրը, հայտարարել է Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսի հետ սահմանին արդեն իսկ կանգնած է տեսախցիկներով և շարժման սենսորներով հագեցած 206 կմ-անոց պատնեշ, մնացել է կառուցել ընդամենը 150 մետր՝ աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները հնարավոր կլինի վերջնականորեն ավարտել միայն ամռանը, երբ Նարև գետը, որի ջրերը ողողել են տարածքը, կվերադառնա իր սովորական հունին։
Մետաղական ցանցով ու փշալարով պատված պաշտպանիչ պատը, ըստ լեհական սահմանապահ ծառայության պարզաբանման․ կառուցվում է՝ Բելառուսից Լեհաստանի տարածք անօրինական միգրանտների ներթափանցումը կանխարգելելու նպատակով։ Լեհաստանի ներկայացրած տվյալների համաձայն, միայն այս տարվա ընթացքում միգրանտների կողմից սահմանն ապօրինի հատելու 8 հազար փորձ է արվել, իսկ 2022 թվականին՝ 15,7 հազար։