01/05/2023 20:10
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ղեկավարները նախատեսում են հանդիպել Հիրոսիմայում
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ծրագրում է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Հարավային Կորեայի առաջնորդ Յուն Սոկ Յոլի հետ Հիրոսիմայում՝ մայիսի երկրորդ կեսին այնտեղ նախատեսված Մեծ յոթնյակի գագաթաժողովի ժամանակ, հայտնում է ճապոնական Jiji գործակալությունը։
Նախատեսվում է երեք երկրների համագործակցությանը վերաբերող հարցերից բացի, քննարկել նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռային ծրագիրը և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Նշենք, որ Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդներն այսպիսի ձևաչափով վերջին անգամ հանդիպել են 2022-ի նոյեմբերին՝ Կամբոջայում։ Ճապոնիան այս տարի նախագահում է «Մեծ յոթնյակը», որի գագաթնաժողովը Հիրոսիմայում նախատեսված է անցկացնել մայիսի 19-21-ը։ Գագաթնաժողովին հրավիրված են նաև Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Կուկի, Կոմորյան կղզիների, Բրազիլիայի և Վիետնամի ղեկավարները։