01/05/2023 13:13
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Միրոսլավ Կուլտիշևը
Մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի երկրորդ սիմֆոնիկ համերգը։ Ծրագրում մերօրյա լեգենդների ստեղծագործություններն են՝ Վալենտին Սիլվեստրովի «HYMN 2001»-ը՝ գրված լարային նվագախմբի համար, այն նվիրված է կոմպոզիտոր Գիա Կանչելիին, Ալեքսեյ Շորի «Ճամփորդական նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար, Լերա Աուերբախի Թիվ 1 սիմֆոնիան՝ «Քիմերա»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Միրոսլավ Կուլտիշևը։ Համերգը կղեկավարի միջազգային ճանաչում ունեցող դիրիժոր Միշել Թիլկինը։
Քշիշտով Պենդերեցկու անունը կրող փառատոնը նախաձեռնել և անցկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի նպատակներից է հայ երաժշտասերներին հնարավորություն տալ հաղորդակցվելու աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող մերօրյա հայտնի կոմպոզիտորների արվեստի հետ։