01/05/2023 20:49
«Այս անգամ էլ Եղիշե Հակոբյանն էական բաներ է ասել, որոնք հակադրվում են գործի մյուս տվյալների հետ»․ Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրվող կապիտանը երկրորդ անգամ է հարցաքննվել
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը երկրորդ անգամ հարցաքննվել է: Այդ մասին News.am-ին ասել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Կապիտանը, որին մեղսագրվում է վառարանն անզգուշությամբ բենզինը բորբոքելը, ինչն էլ առաջացրել է հրդեհը, առաջին անգամ հարցաքննվել էր դեպքից գրեթե մեկ ամիս անց՝ փետրվարի 15-ին: Հարցաքննությունն ընդհատվել էր նրա առողջական վիճակի պատճառով:
«Այս անգամ էլ Եղիշե Հակոբյանն էական բաներ է ասել, որոնք հակադրվում են գործի մյուս տվյալների հետ: Շատ բան այժմ չեմ կարող բացահայտել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, բայց ինքը վերահաստատել է, որ կացարանից դուրս գալու համար տղաներն ունեցել են 15-20 րոպե ժամանակ՝ մինչև կրակը նախասրահից կհասներ ննջարան, սակայն որևէ շարժ անգամ ննջարանից չի եղել, այսինքն՝ ինչ-որ բան խանգարել է իրենց: Ամենակարևոր հանգամանքը մինչև հիմա պարզված չէ՝ հրդեհից անմիջապես առաջ և հետո ինչ վիճակում են եղել զինվորները»,- ասել է Սարգսյանը:
Կապիտանի հաջորդ հարցաքննությունը կլինի երկու օրից: