01/05/2023 13:44
Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժան շոուի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութի մասին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին:
«Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ մարդկանց տառապանքն օգտագործել էժան շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,- «Թվիթեր»-ում գրել է նա:
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է:
«Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»,- այս մասին հայտարարել էր Արցախի պետնախարարը: