01/05/2023 16:39
Հայաստան-Արցախ ճանապարհին հերթական համազգային ամոթի տեսարանն էր․ Ոսկանյան
Հայաստան-Արցախ ճանապարհին հերթական համազգային ամոթի տեսարանն էր, տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում էին» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։
Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...», - նշել է նա։
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղակայված անցակետի մոտ կանգնեցրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Գորիսից Արցախ վերադարձող քաղաքացիներին և հերթական բեմադրությունը ցուցադրել՝ փորձելով ցույց տալ, թե Լաչինի միջանցքով երթևեկությունն ազատ է:
«Նրանք, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար»,- այս մասին հայտարարել էր Արցախի պետնախարարը: