02/05/2023 18:02
2018 թվականին տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի»․ մատնոց «ֆռցնողները» խաբել են ձեզ․ Անդրանիկ Թևանյան
«2018-ի այս օրերին տեղի է ունեցել խաբեություն, մարդաորսություն, ապա նաև դավաճանություն։ 2018 թվականին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «մատնոց ֆռցնոցի»: Մատնոց «ֆռցնողները» խաբել են ձեզ, ցույց են տվել մի բան, տակից արել են լրիվ ուրիշ բան, հետագայում ձեզ փաստի առաջ են կանգնեցրել»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Թևանյանն ընդգծեց նաև՝ փոփոխություն ակնկալող հասարակությունը սխալ լիդերի է ընտրել։
«2018-ի քաղաքական փոփոխությունը սպասված էր և ընկալելի հանրության կողմից, սակայն լիդերի ընտրությունը սխալ էր, քանի որ տեղի ունեցավ պարզ խաբեություն, որը հետագայում վերածվեց դավաճանության»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ գործող իշխանությունն ինչպես 2018-ին, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ու այսօր էլ շարունակում է խաբել հասարակությանը։
«Ձեզ պատերազմի օրերին խաբեցին։ Ասելով՝ հաղթելու ենք, բերեցին պարտություն, ասացին՝ սիրում ենք բոլորիդ, հազարավորների թաղեցին, մի մասին էլ թողեցին անթաղ, երրորդ մասին դեռևս գերության մեջ են թողնում։ Ձեզ խաբեցին ու դավաճանեցին բոլոր այն հարցերում, որոնց համար ձեզ դուրս էին բերել պայքարի։ Հիմա էլ են ձեզ խաբում․ անվտանգության հարցով են խաբում։ Ասում են՝ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Սուտ է, թուրքական նախապայմաններով այս պահին ԱՄՆ-ում բանակցում է այս իշխանությունների ԱԳ նախարարն ու բավարարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, որոնցով Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնել է Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում։ Ճիշտ հակառակն էին դրանից առաջ ասում»,-ասաց Թևանյանը։
Նրա խոսքով՝ «ամեն ինչ պետք է անել, որպեսզի 2018 թվականի ժողովրդի սպասումները լինեն ճիշտ, իսկ լիդերը փոխվի, քանի որ դա սխալ ընտություն էր։
«Ժողովուրդն ունի իր սխալն ուղղելու իրավունք և պատասխանատվություն»,- խոսքն ամփոփեց Անդրանիկ Թևանյանը։