02/05/2023 15:23
Պահանջել ու ստացել են 4154 գաղտնի ու հույժ գաղտնի փաստաթուղթ. առաջարկվում է 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը
ԱԺ-ն քննարկում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու մասին հարցը:
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե հանձնաժողովն աշխատանքների ընթացքում պահանջել ու ստացել է 4154 գաղտնի ու հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով:
«Դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է: Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են ու շարունակում են հրավիրվել գործող ու նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ», - ասաց նա:
Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողով են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ ու զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ ու տեսաձայնային նյութեր:
«Զրույցների ու լսումների ընթացքում ստացված տեղեկությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ ուսումնասիրման նպատակով դիմել համապատասխան կառույցներին ու ստանալ փաստաթղթերի նոր քանակություններ: Հրավիրյալների լսումները շարունակելու ու փաստաթղթերի նոր ծավալը ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հանձնաժողովի աշխատանքների հաջորդ փուլը, որի համար խիստ անհրաժեշտ է հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել ևս վեց ամսով», - նշեց հանձնաժողովի նախագահը:
Սա կլինի հանձնաժողովի գործունեության ժամկետի վերջին երկարացումը: