02/05/2023 17:24
Դադիվանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ. Մայր Աթոռը՝ ադրբեջանական պահանջի մասին
Հայ եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը:
Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը՝ շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։
Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», -նշեցին Մայր Աթոռից:
Ավելի վաղ՝ Aysor.am-ի հետ զրույցում Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշել է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։ «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք՝ Aysor.am)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։