02/05/2023 09:40
«Հրապարակ». Բողոքի ակցիաներ, ստորագրահավաք՝ Արցախում. ովքեր են կանգնած այս ամենի հետևում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսևորում և փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաև Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաև Սամվել Բաբայանը։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ այս խումբն ակտիվ հավաքներ է կազմակերպում, աչալուրջ հետևում, որպեսզի եթե հանկարծ Արայիկ Հարությունյանը ընդդիմանա Փաշինյանին, ներքին խռովություններ հրահրեն։
Նշենք նաև, որ մի քանի օր է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում է սկսվել, որով պահանջագիր է ներկայացվելու միջազգային հանրությանը՝ վերացնել Արցախում Ադրբեջանի վարած, հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագրի նախաձեռնողները նաև ստորագրահավաք են կազմակերպել Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, Արցախի մյուս բնակավայրերում:
Պահանջագիրը կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի և ՀՀ վարչապետին՝ որպես Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ունեցող պետության ղեկավարի: Այս շարժման հետևում էլ, որոշ տեղեկություններով, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է կանգնած»։