02/05/2023 14:29
«Կխոսեմ, երբ ճիշտ ժամանակը կլինի». Արամ Նիկոլյանը՝ կառավարությունից իր գումարը չփոխանցելու մասին
Դիզայներ Արամ Նիկոլյանը չի ցանկանում մեկնաբանել տեղեկությունները, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որպես պատիժ, հրահանգել է չփոխանցել պայմանագրով հաստատված գումարը։
Aysor.am-ի հետ զրույցում Արամ Նիկոլյանն ասաց, որ այդ թեմայով, առհասարակ, հարցազրույց չի տալիս։ «Կխոսեմ, բայց ոչ այս պահին: Կխոսեմ, երբ ճիշտ ժամանակը կլինի», - ասաց Նիկոլյանը։
Հարցին՝ արդյոք ստացե՞լ է իր կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունը, Նիկոլյանը միայն ավելացրեց, որ չի մեկնաբանում և անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։
Այսօր Oragir.News-ը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որպեսզի ադրբեջանական դրոշը այրելու համար Արամ Նիկոլյանին պատժի, հրահանգել է դիզայների փողը չփոխանցել։
Նշենք, որ Նիկոլյանը հեղինակել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության մասնակիցների զգեստները: