02/05/2023 19:43
Արցախում խաթարված է բիզնեսի բնականոն գործունեությունը, պետբյուջե են մուտքագրվել պլանավորվածից զգալիորեն ցածր եկամուտներ
Անցած տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված՝ շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։
Այդ մասին հայտնել են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ տեղեկացնելով, որ նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 9 միլիարդ 462,7 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, ինչը պլանավորված 13,000 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 72,8 տոկոս կամ պակաս 3 մլրդ 537,3 մլն դրամով:
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,978.9 մլն դրամ: