02/05/2023 19:33
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը չքննելու դատախազության որոշումը քաղաքական է. Դանիել Իոաննիսյան
Առանց քննության թողնելով Ազգային ժողովի նախագահի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը՝ Գլխավոր դատախազությունը պատճառաբանում է, թե առաջնորդվել է 11 տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած մի վճռով, ըստ որի «արարքը չի կարող համարվել խուլիգանություն, եթե հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ»։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի հասցեին անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, անպարկեշտ արտահայտությունը նախ հնչեցրել է քաղաքացի Կարեն Մկրտչյանը, որին էլ հաջորդել են ենթադրյալ զարգացումները, հայտնել են դատախազությունից։
«Եթե դատախազության ասելով՝ սա նորմալ է, իսկ դատախազությունն, ըստ էության, սա է ասում, ապա մենք ապրում ենք շատ տխուր երկրում, որտեղ կարող են շատ տխուր զարգացումներ լինել այն առումով, որ թքելը կարող է դառնալ նորմալ երևույթ», - «Ազատության» հետ զրույցում դատախազության պարզաբանման առնչությամբ ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Նշված միջադեպից հետո իրավապահներին բողոք էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ հենց սկզբից պնդում էր՝ Սիմոնյանի արարքը խուլիգանություն է, տարակուսած է իրավապահների եզրահանգումից։ Մարդու ձեռքերը բռնել, թքել երեսին ու չպատժվե՞լ, հարց է հնչեցրել Իոաննիսյանն ու պնդել՝ դատախազության որոշումը քաղաքական է։
«Իրենք սա ակնհայտորեն կատարում են քաղաքական մոտիվացիայով, և առավել ևս այն, որ սա տևում է արդեն մեկ ամիս։ Արդեն մեկ ամիս է, ինչ մենք հաղորդումը ներկայացրել ենք, դեպքից մեկ ամսից ավելի է անցել, և, ըստ էության, նաև այս ժամանակը ձգելը ևս քաղաքական դրդապատճառներ ուներ՝ մեր համոզմամբ»,- ասել է նա։