02/05/2023 21:03
Լեհաստանը ցանկանում է Ռուսաստանին «Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած վնասների փոխհատուցման» պահանջ ներկայացնել
Եթե Գերմանիայի կառավարությունը համաձայնի Լեհաստանին ռեպարացիա (ռազմատուգանք, փոխհատուցում՝ պատերազմի ընթացքում պատճառված վնասների համար-խմբ․) տրամադրել, այդպիսի պահանջ կներկայացվի նաև Ռուսաստանին, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բաժնի ղեկավար Մարչին Պշիդաչը։
«Մենք Բեռլինին ու Մոսկվային որպես տարբեր քաղաքակրթություններ ենք դիտարկում։ Մենք հավատում ենք, որ ռեպարացիա վճարելու խնդրի շուրջ կարող ենք երկխոսություն սկսել Բեռլինի հետ, բայց Պուտինը այլ քաղաքակրթություն է։ Եթե Գերմանիայի դեպքում մենք հաջողության հասնենք, հաջորդ քայլը կլինի նույնպիսի բանակցությունների սկիզբը մյուս «կեղեքչի» հետ»,- ասել է Պշիդաչը։
Լեհաստանը Գերմանիայից որպես Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած վնասի փոխհատուցում պահանջում է վճարել 6,2 տրիլիոն լեհական զլոտի։ 2022 թվականի սեպտեմբերին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ 2021 թվականին Բեռլինը համաձայնել է 1,1 միլիարդ եվրոյի փոխհատուցում վճարել 1904-1908 թվականներին ժամանակակից Նամիբիայի տարածքում բնակվող Նամա և Հերերո ժողովուրդների նկատմամբ իրականացրած ցեղասպանության համար։ «Նամաներն ու Հերերոները 120 տարի սպասեցին, որպեսզի փոխհատուցում ստանան, մենք էլ ժամանակ ունենք»,- այդ ժամանակ ասել էր Մորավեցկին։
Լեհական կողմից հնչած պահանջներին ի պատասխան՝ Գերմանիան բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ Վարշավային փոխհատուցում վճարել։