02/05/2023 18:46
Հնարավոր չէ խնդիրը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով․ Հնարավոր է դիվանագիտական և այլ միջոցների համադրմամբ․ Արցախի ԱԳ նախկին նախարարը՝ ադրբեջանական անցակետի մասին
Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հակարիի կամրջի վրա ադրբեջանական մաքսակետի տեղադրումն ու դրա հետևանքները գնահատել է որպես շատ վտանգավոր զարգացում։
«Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ապա այդ ամենը հանգեցնելու է ավելի ծանր հետևանքների»,- 168․am-ի հետ զրույցում ասել է Միրզոյանը։
«Այն, որ նման անցակետ տեղադրվելու է և ունենալու է նման հետևանքներ՝ բազմիցս խոսվել է, սա որևէ մեկի համար չպետք է անակնկալ լիներ։ Նախ՝ այն պետական պաշտոնյաները, որոնք կոչված են զբաղվել այս հարցերով, ցավոք, որևէ քայլ չեն ձեռնարկել, և նրանց անգործությունը հանգեցրել է նման հետևանքների։
Ինչ վերաբերում է այս խնդրի լուծման ճանապարհներին, ապա ակնհայտ է, որ հնարավոր չէ խնդիրը լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, այլ հնարավոր է դիվանագիտական ու այլ միջոցների համադրմամբ»,- ընդգծել է Կարեն Միրզոյանը։
Հարցին՝ այդ ուղղությամբ նկատո՞ւմ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհրաժեշտ քայլեր, Կարեն Միրզոյանը պատասխանել է, որ պետք է խոսել այն տեղեկատվության մասին, որը հասանելի է ողջ հանրությանը։ Հետևաբար՝ դատելով այդ ամենից, ինչ-որ քայլեր արվում են, բայց թե որքանով են դրանք արդյունավետ, ըստ նրա, դժվար է եզրակացություն անել։
«ՀՀ ներկայիս իշխանությունը, վարչակազմն անընդհատ ինչ-որ քայլեր է անում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանց արդյունավետությունը զրոյականին մոտ է, և այդ ամենը հանգեցնում է իրավիճակի հետագա վատթարացմանը։ Այսօր իսկապես դրված է Արցախի գոյության հարցը, վտանգված է նաև Հայաստանի գոյությունը»,- շեշտել է Արցախի նախկին ԱԳ նախարարը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում