02/05/2023 12:50
Ռուբեն Ռուբինյանը հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում է վարչապետի որոշմամբ. Արման Եղոյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել է վարչապետի որոշմամբ։
«Դա եղել է վարչապետի որոշումը, և զարմանալու բան չկա։ Պարոն Ռուբինյանն ԱԺ փոխխոսնակն է, կարծում եմ, որ որևէ վատ բան չկա նրանում, որ ԱԺ-ն էլ է մասնակցում, սա վերջին հաշվով, խորհրդարանական հանրապետություն է, և պարոն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում այդ բանակցություններին», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվում էին, թե ինչու է հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությամբ Ռուբեն Ռուբինյանը արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով ապրիլի 29-ից մայիսի 5-ը կմեկնի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։