02/05/2023 12:31
Ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ. ՔՊ-ական պատգամավոր
Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, այսինքն՝ Ստեփանակերտը հանդես գա բանակցություններում որպես սուբյեկտ, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշում են, որ քննարկվում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անվանումը ստացած նախագիծը՝ Արման Եղոյանն արձագանքեց.
«Դա այն փաստաթուղթն է, որի մասին դուք լսում էիք, որ մենք և ադրբեջանցիները խմբագրում էինք վերջին ամիսներին։ Հիմա փաստաթուղթն ունի այդ անվանումը»։
Պատգամավորն ասաց, թե չի կարող ասել՝ երբվանից է փաստաթուղթը ստացել այդ անվանումը, որովհետև, ըստ նրա, դա կնշանակի խոսել փաստաթղթի բովանդակությունից։
«Զանգեզուրի միջանցքի մասին երբեք չի քննարկվել բանակցություններում, ՀՀ-ն երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն։ Իսկ իրենց ասած Զանգեզուրի միջանցքը, գիտեք, թե ինչ կարգավիճակով են ուզում։ Նման էքստրատերիտորիալ միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության», - ասաց Արման Եղոյանը։