02/05/2023 10:09
Աբովյանում գազի արտահոսքից պայթյուն է եղել․ կան տուժածներ
Մայիսի 2-ին՝ ժամը 01։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչ» գործարանի 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած և կուտակված գազից, փլուզվել է բնակարանի հյուրասենյակի պատը՝ մոտ 10 քմ։ Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Բնակիչներ Տ․ Ա․-ն (ծնված 1964 թ․) և Կ․ Օ․-ն (ծնված 1972 թ․) այրվածքներով տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Տեղազննման արդյունքում շենքի հենասյուներին և մյուս պատերին ճաքեր չեն հայտնաբերվել։ Փրկարարները գազաբալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոնի պարունակության վերջնական պարպվելը։