02/05/2023 16:02
2023 թվականի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս. ԿԲ նախագահ
2023 թվականի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի 1-ին եռամսյակում պահպանվել են համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի դանդաղ տեմպերը։ ՀՀ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել, սակայն պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը մնում է բարձր», - ասաց Գալստյանը։
2023թ. սկզբին, ԿԲ նախագահի խոսքով, Հայաստանի տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվությունը, որին նպաստել է ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրված բարձր աճը։
«Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցությունների թուլացման արդյունքում 12-ամսյա գնաճը ՀՀ-ում նվազում է», - ասաց Մարտին Գալստյանը։