02/05/2023 21:22
«Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը մեզ համար սկզբունքային կարմիր գիծ է»․ «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման անդամներն անժամկետ ակցիա են սկսել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի սկզբնամասում
«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամներն այսօր՝ մայիսի 2-ից, Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի սկզբնամասում խաղաղ ակցիա են սկսել՝ Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու և Լաչինի միջանցքից ադրբեջանական անցակետի անհապաղ հեռացման պահանջով:
«Արցախպրես»-ի հետ զրույցում նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Բաղրյանը տեղեկացրել է, որ ստորագրահավաքին զուգահեռ՝ նաև խաղաղ ակցիա են սկսել Ստեփանակերտից դեպի Շուշի ճանապարհի սկսզբնամասում:
«Կոչ ենք արել մեր բոլոր հայրենակիցներին, քաղաքական և ապաքաղաքական ուժերին, որ միանան մեր ակցիային: Ադրբեջանի կողմից խախտվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապրիլի 23-ից սկսած Բերձորի միջանցքում ապօրինի կերպով տեղադրելով է անցագրային կետ, որը մեզ համար սկզբունքային կարմիր գիծ է: Մենք այդ կարմիր գծից հետ չենք կանգնելու, մեր պահանջն այն է, որ այդ անցագրային կետն ապամոնատժվի և հեռացվի: Ճանապարհը պետք է շահագործվի միայն ռուս խաղաղապահների հսկողությամբ՝ այնպես, ինչպես եղել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը: Այսօր բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը վտանգի մեջ է և պարտավոր ենք միտվել մեր հայրենիքի փրկությանը: Բոլոր սթափ քաղաքական, ոչ քաղաքական, գործող, նախկին իշխանություններին հրավիրում ենք միանալ մեզ: Մեր նպատակն է պահել հայրենիքը, որովհետև ոչ մեկ մեր փոխարեն չի անելու: Մեր հույսը միայն մենք ենք»,- ասել է Դավիթ Բաղրյանը:
Նրա խոսքով՝ ակցիան անժամկետ է, կշարունակվի մինչև նպատակին հասնելը:
Ակցիայի մասնակից Դավիթ Ղահրամանյանն էլ նշել է, որ բոլորի պարտականությունն է միանալ ակցիային, որի առաջնահերթ նպատակն է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի պահանպման պահանջի կատարմանը:
«Եռակողմ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրվանից սկսած, այն խախտվում է: Այսօր, ինչպես ասում են, դանակը հասել է ոսկորին: Մենք պահանջում ենք, որ ճանապարհը բացվի և գործի այնպես, ինչպես եղել է մինչ այդ, որպեսզի մեր կապը Մայր Հայաստանի հետ լինի անխափան, իսկ ճանապարհին լինեն միայն ռուս խաղաղապահները: Արվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից»,-նշել է Դավիթ Ղահրամանյանը: