02/05/2023 17:06
Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է. ո՞րն է պատճառը և ի՞նչ է անում պետությունը
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում հեղուկ գազ գրեթե չկա: Aysor.am-ի հետ զրույցում LPG Energy գազալցակայանի տնօրեն Ժիրայր Յափանեչյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ներկրողները չեն, խնդիրը սահմանային անցակետերում է:
«Հայաստանից գնացող բոլոր մեքենաների համար խնդիրներ են առաջանում: Ոչ թե հայկական մեքենաների, այլ ՀՀ-ից գնացող, ինչպես նաև Հայաստան եկողների: Մենք առաջ Վրաստանն անցնում էինք 1-2 օրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ձյուն էր գալիս, հալոցքներ էին լինում: Այդպես է եղել արդեն 30 տարի: Այդ նույն ժամանակահատվածում էլ, կամ ավելի շուտ նույնիսկ, հետ էին գալիս մեր մեքենաները: Իսկ հիմա մեքենաները Հայաստանից դուրս են գալիս և Ռուսաստան են մտնում մոտավորապես 12-15 օրվա ընթացքում: Հենց դրա համար էլ առաջանում է ցանկացած տեսակի ապրանքի ճգնաժամ», - ասաց Յափանեչյանը։
Նրա խոսով՝ եթե Հայստանի բոլոր լցակայանների պահեստային տարածքները լցված լինեն՝ գազը կբավականացնի ընդամենը 7 օր:
Թե ինչի հետ են կապված խնդիրները, Յափանեչյանը դժվարանում է ասել, սակայն որոշ վարկածներ ունի. «Ըստ երևույթին՝ անցակետերն են սկսել ավելի դանդաղ աշխատել: Եթե նախկինում դրանք օրական կարող է բաց թողնեին մոտ 250 մեքենա, հիմա 20-25 մեքենա են ստուգում ու բաց թողնում»:
Անդրադառնալով հեղուկ գազի գնի բարձրացմանը՝ Յափանեչյանը նշեց, որ դա ևս իրենց հետ կապ չունի. «100 տոկոսով իմացեք, որ դա մեզանից չի կախված: Այստեղի մատակարարները բոլորն էլ շատ քիչ թվի վրա են աշխատում: Իրենց ավելի օգուտ կլինի էժան գնով ավելի շատ գազ վաճառեն, քան թանկ գնով՝ ավելի քիչ: Քանի որ երբ գազի գինը բարձրանում է, ավելի քիչ է վաճառվում: Ուղղակի հիմա Ռուսստանում են գները բարձրացել, դրա պատճառով մեզ մոտ էլ է բարձրացել»:
Նա նաև ավելացրեց, որ իրենց լցակայանում դեռևս կա 3 օրվա պաշար, սակայն թե ինչ կլինի ու երբ Հայաստան կհասնեն իրենց մեքենաները, չի կարող ասել:
Հարցին՝ հնարավո՞ր է նորից էժանանա գազը, մատակարարը նշեց, որ դա միայն ՌԴ-ի շուկայից է կախված:
Մրցակցային պաշտպանության հանձնոժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն էլ Aysor.am-ին տեղեկացրեց, որ հեղուկ գազի գնի բարձրացման հետ կապված հանձնաժողովը ուսումնասիրություն է անցկացնում. «Երբ այն վերջացնենք, արդյունքները կհրապարակենք»:
Հիշեցնենք, որ հեղուկ գազի գինը տատանվում էր 100-110 դրամի սահմաններում, ինչը ուրախացրել էր շատ վարորդների: Սակայն արդեն մեկ ամիս է այն գրեթե կրկնակի բարձրացել է՝ հասնելով 200 դրամի: Բացի դա էլ, շատ լցակայաններում գազ չկա։