02/05/2023 20:14
ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ մայիսի 2-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո տիկին Գալինա Իզոտովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովային է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ: Տիկին Գալինա Իզոտովան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր շրջայցի համար:
Այցի ավարտին հյուրերը եղել են նաև Հիշողության պուրակում, որտեղ տիկին Իզոտովան ջրել է ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի 2022 թ. տնկած արծաթափայլ եղևնին: