02/05/2023 15:11
«Հյուսիս-հարավ»-ի 32 կմ-ի շինարարության համար վարկային համաձայնագրով գումար կներգրավվի
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի 32 կմ-ի շինարարական աշխատանքների իրականացման համար կներգրավվի 236 մլն 681 հազար դոլար, ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը:
«Համաձայնագրով ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել և իրականացնել շուրջ 32 կմ երկարությամբ Ագարակից նախատեսվող Քաջարանի թունելի մութ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները: Արդյունքում նախատեսում ենք ունենալ 2-րդ տեխնիկական կարգի 80 կմ հաշվարկային ժամ արագությամբ 3 երթևեկելի գոտիներով ճանապարհ: Նախատեսում ենք կառուցել նաև 17 կամուրջ, 2 թունել Լիճքի հատվածում՝ 320 մ, Մեղրիի շրջանցիկ հատվածում՝ 440 մ: Ճանապարհահատվածը կշրջանցի Մեղրիի հատվածը», - ասաց Ղալեչյանը:
Առաջարկվում է երկարաձգել վարկային համաձայնագրի ժամկետը մինչև 2026 թ դեկտեմբերի 30-ը, և ծրագրի բյուջեում կատարել փոփոխություններ, շինարարական աշխատանքների համար համաֆինանսավորման միջոցների չափն ավելացնել շուրջ 86 մլն 681 հազար դոլարի չափով:
Այսպիսով՝ ծրագրի ամփոփ բյուջեն, ըստ ներկայացված համաձայնագրի, կդառնա 236 մլն 681 հազար դոլար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց «Հյուսիս-Հարավ»-ի աշխատանքների ավարտի ժամկետից։ Փոխնախարարն էլ ասաց, որ ծրագրի տարբեր հատվածներ, տարբեր փուլեր նախապատրաստվածության տարբեր մակարդակներ ունեն. մեկ ժամկետով հնարավոր չէ դա արձանագրել:
«Համալիր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե հիմա սկսենք շինարարական աշխատանքները և բարեհաջող անցնենք նախապատրաստական փուլերի, առաջիկա 7-8 տարվա մեջ կարող ենք հիմնական նախագծած հատվածներն իրականացնել», -նշեց նա: