02/05/2023 12:39
Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից:
«Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է:
«Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝ Հայաստանը որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում, Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք: Հիմա հրապարակային ասում են՝ ձեռքերը լվանում են Արցախից», - նշեց Մամիջանյանը:
Ըստ նրա ՝ հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է՝ ղարաբաղյան հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում: