02/05/2023 17:00
Ովքեր թուլացրել, քայքայել են հայկական բանակը, Արցախի ՊԲ-ն, ներում չեն ունենալու. Աղվան Վարդանյան
Ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանում դատապարտվելու են պետական դավաճանության համար, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ով, ովքեր անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում, ով, ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ, ով, ովքեր թուլացրել, քայքայել են հայկական բանակը, Արցախի ՊԲ-ն, ներում չեն ունենալու: Ով, ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու, ով, ովքեր պառակտում են մեր ժողովրդին, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ, ով, ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողների հանդեպ, դատապարտվելու են», - ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ ովքեր պետության ուժային կառույցները վերածել են միմիայն սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի՝ ամենավախկոտն ու անպաշտպանն են:
«Այստեղ ես անուն առ անուն արձանագրում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, Պաշտպանութան նախարար Սուրեն Պպաիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի, Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները: Գլխավորի անունը՝ միշտ մտքում», - նշեց Աղվան Վարդանյանը:
Նա չի մտածում, որ ՔՊ-ից բոլորն են այդպիսին․ քչերն են այդպիսին:
«Բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են, հիշեք՝ իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ: Որ իմ նկարագրած Հայաստանը լինելու է, խնդրում եմ, մի կասկածեք», - հավելեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: