02/05/2023 15:41
Զոհրաբ Մնացականյանն ասել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հարթակից հիմա չօգտվելն առնվազն կլինի «ախմախություն». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ-ն քննարկում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու մասին հարցը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ շատ կարևորագույն հրավիրյալներ են ունեցել հանձնաժողովում:
«Հրավիրյալների ցանկը գնալով մեծանալու է, նույնիսկ ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետը առաջարկեց՝ երբ ինքը հրավիրված լինի, ձևաչափ գտնենք, որ կարևորագույն ասելիքը հասանելի լինի հանրությանը», - ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հորդորել էր գալ հանձնաժողով ու հարցեր տալ իրեն:
Նա ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ խոսակցությունից փոքր հատված ներկայացրեց:
«Երբ հարց էինք տալիս Զոհրաբ Մնացականյանին, ասաց՝ «այս հարթակից հիմա չօգտվելն առնվազն կլինի «ախմախություն», որովհետև, եթե կան ինչ-որ կասկածներ, պետք է առաջին հերթին փարատվեն տվյալ հանձնաժողովի պատերի ներսում»», - նշեց Քոչարյանը:
Խոսելով գործակալական ցանցերի մասին՝ քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց, թե բոլոր տեսակի շարասյունների գործունեությունը կարող է բերել նրան, որ «մենք, մոռացած հիմնական թշնամուն, թշնամիներ ման գանք մեր երկրի պատերից ներս»: