03/05/2023 11:49
Բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին. Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը՝ Հայաստանում
Մայիսի 18-21 ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի տարվա նշանակալից բժշկագիտական միջոցառումը՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը։ Համաժողովին ընդառաջ Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress) Հայաստանում անցկացնելու որոշումը պատահական չէր։ Համաժողովի ընթացքում կքննարկվեն ու կներկայացվեն այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, կլինեն առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ արդի ամենակարեւոր ուղղությունների վերաբերյալ։
SIOP-ի կարգախոսն է` «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:
Հրավիրված բժիշկներն ու մասնագետները կծանոթանան Հայաստանի բժշկագիտությանը, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորությունների շրջանակ կբացի տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։
Միությունն աշխարհում միակն է, որը նվիրված է մանկական եւ դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը։ Միության առաքելությունն է պայքարել քաղցկեղի դեմ և ողջ ներուժը դնել, որպեսզի ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից։
Այսօր նպատակներն ու առաքելությունն ընդլայնվել են՝ ընդգրկելով հիմնական հետազոտությունների, ինչպես նաև կլինիկական ուսումնասիրությունների արդիականացումը, բուժքույրերի, առողջապահական այլ մասնագետների և ծնողների ներգրավումը, ինչպես նաև ուսուցման եւ հանրայնացման ծրագրերի կազմակերպումը զարգացող երկրներում և հասարակություններում` ուղղված երեխաների վիճակի բարելավմանը։
Հայաստանում անցկացվելիք համաժողովին ներկա կգտնվեն գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։
Համաժողովի համակազմակերպիչներն են՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամը։
Համաժողովն անց է կացվում ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։