03/05/2023 15:14
Met Gala 2023. Արդարացրի՞ն արդյոք աստղերը երկրպագուների սպասումները
Ավանդաբար մայիսի առաջին երկուշաբթի օրը անցկացվող Met Gala-ի հանդիսությունը նախորդում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում (The Metropolitan Museum of Art) կազմակերպվող նորաձևության ամենամյա ցուցադրությանը:
Մշտապես և՛ երեկոն, և՛ ցուցահանդեսը կազմակերպվում են մեկ ընդհանուր թեմայի շուրջ։ Այս անգամ տարվա թեման և ոգեշնչողն էր ծնունդով գերմանացի լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը: Վերջինս Chanel և Fendi նորաձևության տների կրեատիվ տնօրենն էր, ով կյանքից հեռացավ 4 տարի առաջ:
Նշենք, որ 1966-1983 և 1992-1997 թվականներին նա հավաքածուներ է ստեղծել նաև Chloé-ի համար: Լագերֆելդին, ով նորաձևության բիզնեսի ամենաազդեցիկ դեմքերից էր, հաճախ անվանում էին «Կայզեր Կառլ» կամ «նորաձեւության արքա»։
Պատահական չէր, որ համաշխարհային աստղերը երեկոյին ներկայացան Կարլից ոգեշնչված զգեստներով և միայն իրեն հատուկ գունային համադրություններով ու աքսեսուարներով։
Նշենք նաև, որ Met Gala 2023-ի տոմսի արժեքը՝ համաեմատած նախորդ տարվա արժեքին, եռակի թանկացել էր։ Բացի զգեստների ցուցադրությունից, միջոցառումը ներառում էր նաև ցուցահանդես, հատուկ ընթրիք, համերգային հատված, բարեգործական դրամահավաք և իհարկե afterparty:
Met Gala 2023-ն ուներ նաև իր խորհրդանիշը՝ Կառլի կատվիկը, ում հանդերձանքով երեկոյին ներկայացավ Ջարեդ Լետոն։ Կա մի հետաքրքիր փաստ, ըստ որի, կարլի կատուն՝ հայտնի Շուպետը, ով ժառանգել է տիրոջ կարողության մի մասը, այժմ ունի իր ինստագրամյան հարթակը, «աշխատում է» միլլիոններ և կնքում գովազդային գործարքներ։ Զավեշտալին այն է, որ երեկոյին ընդառաջ կատվի սոցիալական հարթակում գրվեց՝«մեր սիրելի կատվիկը հոգնած է ու չի կարող ներկա գտնվել միջոցառմանը»:
Սոցցանցերում բացի կատվի մասին քննարկումները, տեղ գտան նաև բազմաթիվ հակասական կարծիքներ այս տարվա գորգի մասին։ Նշենք, որ սովորաբար այն կարմիր է լինում, սակայն այս տարի սպիտակ էր՝ կապույտ և կարմիր գծերով, ինչը շատերը ասոցացրել էին ՌԴ դրոշի և երկրում տիրող իրավիճակի հետ:
Հիմնականում աստղերը ներկա էին տարբեր տարիներին Կառլի ստեղծած հագուստներով, արխիվային բացառիկ զգեստներով,սակայն մի մասն էլ նախապատվությունը տվել էր այլ բրենդերի՝ հավատարիմ մնալով Կարլի ոճին ու մոտեցմանը։ Քիմ Քարդաշյանը կրում էր Schiaparelli, Քենդլ Ջեները` Marc Jacobs, Ջիջի Հադիդը` Givenchy, Դոջա Քեթը՝ Oscar de la Renta, իսկ Բիլլի Էյլիշը՝ Simone Rocha։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։