03/05/2023 15:33
Մամուլի ազատության օրն է. խոսքի ազատությունը՝ մարդու իրավունքների իրացման շարժիչ ուժ
Այսօր աշխարհը նշում է Մամուլի ազատության համաշխարհային օրվա 30-ամյակը։ Շատ երկրներում անկախ լրատվամիջոցների տարածումը և թվային տեխնոլոգիաների աճը ապահովել են տեղեկատվության ազատ հոսքը: Սակայն լրատվամիջոցների ազատության, լրագրողների անվտանգության և խոսքի ազատության առումով իրավիճակը հաճախ կտրուկ վատանում է՝ ազդելով մարդու այլ իրավունքների իրացման վրա։
Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության տարածումը լուրջ ազդեցություն է թողնում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հիմքում ընկած ինստիտուտների վրա։
Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ, ասաց.
«Սա հազվագյուտ եռամսյակներից է, երբ մեր գործընկերները բռնություններից զերծ են մնացել, դրա հետ մեկտեղ նշենք, որ հասարակական-քաղաքական վիճակն էլ լարված չի եղել։ Իսկ վատ լուրն այն է, որ մենք արձանագրել ենք տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի շատ մեծ խախտումներ՝ 49 դեպք։
Տարատեսակ ճնշումերի դեպքերը ավելացել են ՝ 16 դեպք՝ նախկին 12-ի փոխարեն։ Դրանք ներառում են դատական պրոցեսները, արհամարհական խոսքն ու վիրավորանքը, ինչպես նաև սպառնալիքները՝ տարբեր պաշտոնյաների կողմից»։
Վերջինս նաև նկատեց, որ այստեղ մեծ կապ կարելի է տեսնել կոռուպցիոն ռիսկերի աճի հետ. «Երբ ճնշվում է տեղեկատվության տրամադրումը, պարարտ հող է նախապատրաստվում նաև կոռուպցիայի աճի համար»։
Հենց այս լուրջ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար է անհրաժեշտ ապահովել մամուլի ազատությունը, լրագրողների անվտանգությունը և տեղեկատվության ազատ հասանելիությունը։
Խոսքի ազատության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում, մարդու մյուս բոլոր իրավունքների իրականացման հիմնական պայմանն ու շարժիչ ուժն է։
Հետևաբար, Մամուլի ազատության համաշխարհային օրվա 30-ամյակի այս տարվա տոնակատարությունը կոչ է կրկին ընդգծել մամուլի ազատության և անկախ, բազմակարծիք լրատվամիջոցների առանցքային դերը մարդու մյուս բոլոր իրավունքների իրացման գործում:
Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականի դեկտեմբերին։ Այդ օրվանից ամեն տարի մայիսի 3-ին՝ Վինդհուկի հռչակագրի ընդունման տարեդարձին, ամբողջ աշխարհում նշվում է մամուլի ազատության համաշխարհային օրը:
Օրվա խորհուրդն է՝
հայտարարել հավատարմությունը մամուլի ազատության սկզբունքներին,
վերլուծել աշխարհում մամուլի ազատության հետ կապված իրավիճակը,
միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցներին մամուլի ազատությունը ոտնահարելու փորձերից պաշտպանելու համար,
հարգանքի տուրք մատուցելու իրենց մասնագիտական պարտքը կատարելիս զոհված լրագրողների հիշատակին։