03/05/2023 13:42
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Աննա Վարդապետյան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Մենք ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք ու, այս առումով բոլոր այն անձինք, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների մեջ, դա մեխանիկական հիմք չէ այդ անձանց քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից», - Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ դատարան գնացած գործերի մեղադրանքներն առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են ու քաղաքական որևէ տարր չեն պարունակում:
«Մեր աշխատանքը դատախազությունում կառուցված է բացառապես փաստի վրա ու այսօր, եթե նայեք դատարան գնացած գործերը, օրինակ՝ դրվագները, որոնք չեն ներառվել մեղադրանքի մեջ, կտեսնեք, որ կան գործեր, որոնցով մեղադրանքը, օրինակ, մինչև դատարան գնալը 80 տոկոսով փոփոխվել է ֆինանսական քննության, ու փաստաթղթահեն ուսումնասիրություն է իրականացվել, քննություն է իրականացվել։ Սա դատախազության հիմնական աշխատանքի ձևաչափն է, ու կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է», - նշեց դատախազը:
Աննա Վարդապետյանն ընդգծեց՝ Հայաստանում, ցավոք սրտի, կոռուպցիայի համակարգային բնույթը ենթադրել է նաև քաղաքական ու բարձր պաշտոններ՝ պետության հետ փոխկապակցված մեծ ընկերություններում, բայց դրդապատճառները ֆինանսական են ու կոռուպցիոն: