03/05/2023 18:13
Մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ․ Նիկոլ Փաշինյան
Հայրենասիրության մոդելը ներմուծված է Հայաստանի Հանրապետությունում։ Դա հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չէ, դա ներմուծված մոդել է, խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ իր ասածի ապացույցները կան։
«Մենք մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչու՞ մեր երկրում նույնիսկ 30 տարվա ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞՝ ինչու՞ չկան, որովհետև հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց պետության գլխի, առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է ամբողջ պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մեր հայրենասիրությունը «անկախ և ինքնիշխան պետություն չունենալն է»։
«Մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ։ Հասկանու՞մ եք՝ մեր խորքային հայրենասիրությունը դրա մասին է, որ մենք չենք կարող դա ունենալ, որովհետև մենք չենք կարող մեզ պաշտպանել, մեզ պետք է ուրիշները պաշտպանեն, որովհետև մեզ պետք է կոտորեն անընդհատ։ Այդ մոդելը դրա վրա է հիմնված», - իր թեզը ներկայացրեց և «ապացուցեց» Նիկոլ Փաշինյանը։