03/05/2023 18:58
«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանն ասաց, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում
Վաշինգտոնում քննարկվում է ճիշտ այն, ինչը որ ես այս ամբիոնից ներկայացրել եմ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե բանակցող խմբին ինչ է հանձնարարել․
«Ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»։
Հարցին՝ ում որոշմամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ»։