03/05/2023 20:02
«Ու հիշեք՝ դավաճան բառից ավելի նա վախենում է «վրեժ» բառից»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին․
«Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։
Մի զայրացեք նաեւ այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց։
Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1 500 000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար։
Ու հիշեք. դավաճան բառից ավելի նա վախենում է «վրեժ» բառից։
Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը, ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։