03/05/2023 17:56
Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ուղերձը՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ․
«Այսօր աշխարհը նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ընդգծում է մամուլի անկախ և պաշտպանված լինելու կարևորությունը:
Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ։ Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։
Մամուլի ազատության միջազգային օրն առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո իրենց օբյեկտիվում են պահել Արցախի ժողովրդի խնդիրներն ու գոյաբանական սպառնալիքները՝ երբեմն վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը։ 2020թ. Արցախում պատերազմը լուսաբանող 7 լրագրողներ վիրավորվել են, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ:
Արժանին պետք է մատուցել նաև արցախյան լրատվադաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք սահմանափակ հնարավորությունների պայմաններում, իրականացնում են կարևորագույն աշխատանք Արցախում առկա իրավիճակն աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ։
Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար»։