03/05/2023 21:57
Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ․
«Խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից:
Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։
Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։
2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլն: Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ և սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը և առաջ քաշելով կեղծ պատմական թեզեր՝ հայկական հուշարձանների ոչնչացումն ու այլափոխումն արդարացնելու նպատակով։ Մասնավորապես, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ․) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են, եկեղեցին ալբանական է և անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության և ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպես կոչված «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։
Վանդալիզիմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակի գնահատման և դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են. դրանք կամ այլափոխվում, կամ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության արդյունքում:
Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։
Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով»: